Կառավարությունն իր այսօրվա ՝մարտի 26-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը։ Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է այն փոքր բիզնեսներին, որոնք չնայած դժվար ժամանակներին, պահպանել են աշխատատեղերը եւ աշխատըավարձերը:

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ունեն 2-50 աշխատակից: Այսպիսով՝ նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի մեկանգամյա աջակցություն առանձին տնտեսավարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով:

Միջոցառման շահառու են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչներ եւ այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք այս տարվա հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից եւ նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Նախարարը պարզաբանեց, որ միանվագ օգնության չափը որոշվելու է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ամբողջական 5 աշխատակցի հաշվով յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է որպես դրամաշնորհ:

«Օրինակ՝ եթե կազմակերպությունն ունեցել է մեկ աշխատակցի հաշվով 150 հազար դրամ եւ ունեցել է 17 աշխատակից, որը երեք ամբողջական հինգ մաս է պարունակում, ապա ստանալու է երեք անգամ 150 հազար դրամ, այսինքն՝ 450 հազար դրամ միանգամյա դրամաշնորհ, քսանը կնշանակի չորս անգամ միջին աշխատավարձ, 25-ը՝ հինգ անգամ միջին աշխատավարձ: Իսկ մինչեւ հինգ աշխատակից ստացողներին պարզապես միջին աշխատավարձի չափով համամասնորեն վերադարձ է կատարվելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով ասում են, որ այն ընկերություններին, որոնք, ի հեճուկս դժվար ժամանակների, չեն կրճատել իրենց աշխատողների, ստանում են պետության կողմից դրամաշնորհ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այս միջոցառումը չեն կարողանա իրականացնել մինչեւ ապրիլի 20-ը, քանի որ հաշվետվությունները այդ ժամանակ են ստանալու: