Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է գործել 2 ուղղությամբ՝ առողջապահություն եւ տնտեսություն: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը:

Պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել իրավիճակի ամբողջ լրջությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: «Մենք պետք է ապահովենք ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց անվտանգությունը, ինչպես նաեւ հիվանդացածների: Անհրաժեշտ է նրանց ապահովել անհրաժեշտ բոլոր միջոցներով»,- ասաց Սամսոնյանը:

Իսկ տնտեսության մասին խոսելիս խորհրդարանականը նշեց, որ այս դեպքում անհրաժեշտ է շտապ որոշումներ ընդունել, որպեսզի քաղաքացիների սոցիալական դրությունը չվատթարանա: «Նրանց սոցիալական վիճակից է կախված՝ նրանք հարկեր վճարելո՞ւ են, կոմունալ ծառայությունների ծախսերը վճարելո՞ւ են, թե՞ ոչ»,- նշեց պատգամավորը: