Կառավարությունը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, եւ արդեն այսօր նախատեսվում է միջոցառումների երրորդ փաթեթի քննարկումը, այդ թվում՝ հասցեական աջակցություն այն ոլորտներին, որոնք ամենաշատն են տուժել: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ վարկերից բացի, այդ թվում՝ անտոկոս, տրամադրվելու է ուղղակի անհատույց օգնություն: «Մեծ ուշադրություն է դարձվելու այն տնտեսվարողներին, որոնք դրամական ազատ միջոցներ չունեն, որ թույլ կտային իրենց գործունեությունն իրականացնել առանց ընդհատելու: Կտրամադրվեն նաեւ վարկային գործիքներ փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար, որոնցով վարկային միջոցների մարումը կարելի է սկսել իրականացնել մեկ տարի հետո: Այս դեպքում տրամադրման որոշումն ընդունելու է ոչ թե բանկը, այն այս դեպքում միայն միջնորդ է, այլ պետական մարմինը: Դրանից բացի, գործելու են նաեւ բանկային վարկեր, որոնցով պարտավորությունները մասնակի կստանձնի պետությունը»,- նշեց նա:

Թունյանը հավելեց, որ բանկային համակարգը, ինչպես նախկինում, կայուն է, խորհուրդ տալով խուճապի չմատնվել եւ այս ֆոնին չշտապել հանել ավանդները, քանի որ դա կհանգեցնի միայն տոկոսներով վճարման կորստին, որոնք քաղաքացիները կարող են ստանալ ժամկետի ավարտին: «Այնպիսի ոլորտները, ինչպես՝ տուրիզմը, հյուրանոցային եւ տրանսպորտային բիզնեսը, հանրային սննդի ոլորտը կտրուկ անկում են ունեցել: Սուպերմարկետները սկզբում գրանցեցին մանրածախ առեւտրի աճ, բայց հիմա արդեն նրանց մոտ էլ է անկում գրանցվում: Այս բոլոր անցանկալի հետեւանքներն օբյեկտիվ են՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- շեշտեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը: 

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ «եթե մեկ ամիս հետո կարգավորվի առողջապահության ոլորտի խնդիրը», ապա տարին կավարտվի նորմալ տնտեսական ցուցանիշներով: «Բնականաբար, տնտեսությունը միշտ ավելի դանդաղ է վերականգնվում, սակայն շատ բան կախված է նաեւ մարդկանց վարքագծից: Օրինակ՝ բացառված չէ, որ ճգնաժամից հետո զբոսաշրջիկները, որոնք կգան Հայաստան կամ որեւէ այլ երկիր, որոշ զգուշավորություն կպահպանեն»,- ամփոփեց Բաբկեն Թունյանը: