Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը:

Այն նպատակ ունի ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը, ամբողջովին առցանց միջավայրում կարելի է սովորել ու բացահայտել հայկական պատմության եւ մշակույթի հետաքրքիր թեմաները, հանդիպել նոր ընկերների:

Նորարարական այս ծրագրի 4 շաբաթների ընթացքում (մարտ 26-ապրիլ 23) առցանց հարթակում անդրադարձ կլինի հայկական մշակութային ժառանգությանը՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները եւ վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն: Կրթական հարթակը նաեւ լավ հնարավորություն է ամբողջ աշխարհից միացած մասնակիցների ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների եւ առցանց հաղորդակցության համար:

Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կկազմակերպվեն նաեւ վիրտուալ այցելություններ դեպի պատմական եւ մշակութային վայրեր Հայաստանում եւ սփյուռքում: Ամենօրյա հանդիպումները կվարեն ՀՎՀ-ի փորձառու հեռավար դասախոսները: Նրանք նաեւ կաջակցեն մասնակիցներին ամբողջ ծրագրի ընթացքում: Հեռավար դասախոսների հետ կապը կնպաստի մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը, իսկ նորարարական մուլտիմեդիա միջոցներն ուսումը կդարձնեն հետաքրքիր: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաեւ ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:

Սովորե՛ք, բացահայտե՛ք եւ հանդիպե՛ք ՀՎՀ-ի առցանց եւ անվճար կրթական հարթակում։

 ՀՎՀ-ի գործունեությանը եւ ծրագրերին ծանոթանալու համար կարող եք այցելել www.avc-agbu.org կայքը: