Չինաստանի Ուհան քաղաքում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ծովախեցգետին վաճառողի մոտ, գրում է չինական Thepaper թերթը:

Դեռ պարզ չէ, թե արդյոք ծովամթերքների շուկան վարակի տարածման աղբյուր է հանդիսացել: Մասնագետները դեռ չեն կարողացել պարզել, թե երբ, ինչպես եւ ինչ հանգամանքում կարող էր վիրուսը կենդանուց մարդուն փոխանցվել: 

Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ ծովախեցգետնի առեւտրով զբաղվող «Խուանան» շուկայում աշխատող Վեյ ազգանվամբ կնոջ մոտ  կորոնավիրուսը հայտնաբերվել է 2019 թվականին դեկտեմբերի 11-ին: Այդ ժամանակ անհայտ պատճառով նրա ջերմությունը բարձրացել է: Հետագայում պարզվել է, որ հենց նա է կորոնավիրուսով վարակված առաջին մարդը:

Ուհանի առողջապահության կոմիտեն դեկտեմբերի 31-ին հայտնել է, որ վարակվածների առաջին խմբում 27 մարդ կա: Թերթին հաջողվել է ստանալ կորոնավիրուսով վարակվածների առաջին խմբի ցուցակի կրկնօրինակը, որում ասվում է, որ 24 մարդ շփում է ունեցել «Խուանան» շուկայի աշխատողների հետ, նրանցից 4-ը մեկ ընտանիքի անդամներ են:

Ցուցակում առաջին տեղում Վեյն է եղել: Կինը մի քանի հիվանդանոց է դիմել, որտեղ նրան չեն կարողացել օգնել, եւ նա որոշել է մնալ տանն ու դեղեր խմել: Դեկտեմբերի 16-ին նա դիմել է Wuhan Union Hospital հիվանդանոց: 

Թերթին հաջողվել է պարզել, որ առաջին խմբից 11 մարդ ախտանիշների հայտնվելուց հետո դիմել է փոքր կլինիկաներ, որոնք գտնվել են շուկայի մոտակայքում: Փետրվարի 23-ին թերթի աշխատակիցներն այցելել են այդ կլինիկաները, որոնք, ինչպես պարզվել է, փակվել են:

Ուսումնասիրելով վերոնշյալ ցուցակը՝ լրագրողներին հաջողվել է կապ հաստատել վարակվածի հետ, որը կապ չի ունեցել այդ շուկայի դեպքերի հետ: Նա Չեն ազգանվամբ տղամարդն է եղել, ում մոտ դեկտեմբերի 16-ին բարձրացել է ջերմությունը, նա դիմել է Ուհանից ոչ հեռու գտնվող Ցզյանսյայի հիվանդանոց:

Տղամարդը բժիշկներին ասել է, որ զբաղվում է ֆինանսներով ընկերություններից մեկում եւ որեւէ շփում չի ունեցել այդ շուկայի հետ: Տղամարդն այդպես էլ չի հասկացել՝ որտեղ է վարակվել: Ընդ որում, նրա ընտանիքի անդամներից ոչ ոք նրանից չի վարակվել, չի վարակվել նաեւ նրան հիվանդանոց ուղեկցող անձը:

Չենը լրագրողներին հայտնել է, որ միայն աշխատանքի է գնացել եւ այլ վայրեր չի այցելել: Նա ենթադրել է, որ կարող էր վարակվել աշխատանքի գնալիս՝ մետրոյում կամ էլ այն բանից հետո, երբ դիմել է հիվանդանոց: