Լոնդոնի Պիմլիկո շրջանում գտնվող իր ֆլագմանային ռեստորանում շեֆ խոհարար Էնդրյու Վոնգը սովոր էր օրական 120 հաճախորդի սպասարկել: Բայց COVID-19 համաճարակի պատճառով Մեծ Բրիտանիայում հանրային սննդի բոլոր կետերը փակվել են, հայտնում է ntdtv.ru-ն:

Միշլենի աստղի արժանացած շեֆ խոհարարը, սակայն, որոշել է իր ենթականերին աշխատանքից չզրկել: Հիմա նրանք միասին անվճար ճաշեր են պատրաստում կարիքավորների համար:

«Վերջին 8 տարում տեղի բնակչները մեզ աջակցել են: Եվ եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել, որ այսպիսի ժամանակներում մարդկանց աջակցենք, ապա անպայման կփորձենք անել: Եթե մենք կարողանանք մեկ մարդու օգնել եւ որոշ ժամանակով նրան երջանկացնել, թեկուզ մեկ անգամ նրան կերակրել, ապա հիմա հենց այդքանը բավական է: Իսկ թե ինչ կլինի հետո, հետո էլ կպարզենք»,- ասում է Վոնգը:

Խոհարարներն օրական պատրաստում են 50-100 ճաշ՝ կախված մատակարարումներից եւ պատվերների թվից: Ընդ որում՝ դժվարություններ են առաջանում նաեւ առաքման հետ կապված, քանի որ իշխանությունները բոլորին հանձնարարում են տանից դուրս չգալ:

Վոնգը 2 ռեստորան ունի, որոնցում աշխատում է մոտ 80 մարդ: հաստատությունների տարեկան շրջանառությունը սովորաբար կազմում է միլիոնավոր ֆունտ սթերլինգ: Եկամտի ահռելի մասն, իհարկե, նախատեսված է հարկերի, վարձավճարի եւ աշխատավարձերի վճարման համար: Բայց հիմա բիզնեսն ընդհանրապես կանգնած է, ի դեպ՝ ինչպես մնացյալ բոլոր ռեստորատորների եւ սրճարանների տերերի դեպքում:

Շեֆ խոհարարը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին առաջին հերթին չի մտածել օգուտի մասին. «Այս աշխարհում կա այն, ինչը շահույթից ու փողից կարեւոր է: Եվ եթե մենք դատապարտված ենք սնանկանալու, ապա կսնանկանաք՝ բարիք ստեղծելով»: