Մարոկկոյի տարածքում հանքահորի մեջ հայտնաբերվել են քարացած բրածոներ, որոնց, երբ մոտիկից են նայել, պարզվել է Սահարայում 100 մլն տարի առաջ, կավճե դարում ապրած թռչող դինոզավրերի մնացորդներ են, հայտնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Science Dail-ին։

Գտածոն ուսումնասիրել են Բեյլորի (Տեխաս, ԱՄՆ) համալսարանի աշխատակիցները, որոնք նշել են, որ պտերոզավրերի մնացորդներ ավելի հազվադեպ են հանդիպում, քան այլ մողեսների մնացորդներ, իսկ Աֆրիկայի տարածքում այդպիսի բրածոներ ընդհանրապես չեն լինում։ Գիտության համար նոր երեք տեսակի ատամնավոր պտերոզավրերը շատ մեծ հայտնագործություն են, որոնք լույս են սփռում աֆրիկյան թռչող մողեսների էվոլյուցիոն պատմության վրա։

«Խոսքը բավական խոշոր էակների մասին է, որոնց թեւերի բացվածքը կազմել է 3-ից մինչեւ 3,5 մետր։ Պտերոզավրերի ոսկորները սնամեջ են եւ շատ նման են ժամանակակից թռչունների ոսկորներին։ Ամեն ինչից ելնելով՝ այդ դինոզավրերը կարողացել են հարյուրավոր մղոններ հաղթահարել՝ որսի համար համապատասխան տարածքներ փնտրելով (ատամնավոր պտերոզավրերը ձկներով են սնվել)»,- պատմել են հետազոտության հեղինակները։

Անհետացած էակների մնացորդները գտել են Մարոկկոյի Էրֆուդ քաղաքի ծայրամասում գտնվող հանքահորում։ Բրածոներին հայտնաբերել են տեղի գյուղերից մեկի բնակիչները, որոնք իրենց գտած ատամներեն ու ոսկորները ցույց են տվել գիտնականներին։ Այնուհետեւ հանքահոր է ուղեւորվել գիտական արշավախումբ, որն այնտեղ բազմաթիվ արժեքավոր մնացորդներ է հայտնաբերել։