Թռչնի ուղեղը ընդունված է նույնականացնել ցածր բանական ընդունակությունների հետ, սակայն կան թռչուններ, որոնց ոչ մի կերպ հիմար չես կարող համարել։ Դրանցից են, օրինակ, ագռավազգիների ներկայացուցիչները, գրում է «Հանրամատչելի Մեխանիկա»-ն։

Ագռավները, չնայած իրենց ոչ մեծ ուղեղին, որոշ պրիմատներից ավելի հիմար չեն։ Այս թռչունները կարող են յուրացնել բարդ սովորություններ, պլանավորել իրենց գործողությունները, հիշել մեծ քանակի տվյալներ, ստեղծել աշխատանքի գործիքներ, ինչպես նաեւ ցուցաբերում են տրամաբանական մտածողության տպավորիչ ունակություններ։

Կապիկները նույնպես կարող են այս ամենը, սակայն նրանց ուղեղը շատ ավելի զարգացած է, քան ագռավներինը։ Ագռավների ուղեղում նեյրոնները զգալիորեն ավելի քիչ են, քան կապիկների ուղեղում՝ 600-700 միլիոնը՝ տասնյակ միլիարդների դիմաց։

Մեծ գլխով թռչունները հազիվ թե կարողանային նորմալ թռչել, այդ պատճառով նրանց ուղեղի էվոլյուցիան այլ ուղիով է գնացել։ Ագռավազգիների ուղեղի կառուցվածքի առանձնահատկությունները, ինչպես նաեւ այլ հատուկ գործոնները այդ թռչուններին իսկական բանական հսկաներ են դարձրել փետրավորների շրջանում։ Դա հաստատվել է բազմաթիվ փորձերով, որոնցում ագռավները բարդ տրամաբանական առաջադրանքներ կատարելու ունակություն են ցուցաբերել, ինչպես նաեւ նրանք կատարել են առաջադրանքներ, որոնք վերացական մտածողություն են պահանջել։