Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրանքներին՝ նշելով, որ անգամ կորոնավիրուսի համավարակը չի կարող նրան հետ պահել երրորդ կարգի քարոզչությունից:

«Անգամ համավարակը չի կանգնեցնի պետքարտուղար Պոմպեոյին երրորդ կարգի քարոզչության տարածումից: Նա ավելի շուտ ատելության պետական քարտուղար է: Ոչ մի թրոլինգ չի ստվերի նրա տխրահռչակ միլիտարիզմը եւ տնտեսական ահաբեկչությունը, անմեղների սպանությունը եւ #COVID-19-ի դեմ գլոբալ պայքարին խոչընդոտելը»,- նշել է նա իր թվիթերյան էջում:

Չնայած միջազգային կազմակերպություններն ու տարբեր երկրներ ընդգծում են Իրանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը COVID-19-ի զսպման գործում, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Իրանի վրա առավելագույն ճնշումը շարունակվելու է:

Չնայած ԱՄՆ հայտարարություններին, որ դեղերի վրա պատժամիջոցները չեն տարածվում, այդուհանդերձ, հենց իրենք Իրանին թույլ չեն տվել հասանելիություն ստանալ կորոնավիրուսով պացիենտների ապաքինման համար դեղորայքին, նշում է Mehr-ը: