Պորտուգալիայի տնտեսությունն այս տարի ռեցեսիայի մեջ կհայտնվի, քանի որ կորոնավիրուսի բռնկումը կազդի մասնավոր սպառման եւ ներդրումների վրա, իսկ երկրի արտահանման ոլորտը կփլուզվի, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Կենտրոնական բանկի հայտարարությունը:

Պորտուգալիայում կորոնավիրուսի 3544 դեպք է գրանցվել, մահացել է 60 մարդ:

Պորտուգալիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 3.7-ից մինչեւ 5.7 տոկոս: Անցյալ տարի տնտեսությունն աճել էր 2.2 տոկոսով: Մասնավոր սպառումը կնվազի 2.8-ից 4.8 տոկոսով, իսկ արտահանումը կնվազի 12.1-ից 19.1 տոկոսով: Մասնավոր ներդրումները կնվազեն 10.8-ից 14.9 տոկոսով:

Գործազրկության մակարդակն այս տարի կբարձրանա մինչեւ 10.1-11.7 տոկոս` 2019-ի 6.6 տոկոսի համեմատ:

«Պորտուգալիայի տնտեսության հեռանկարը կտրուկ եւ զգալիորեն վատթարացել է Covid-19-ի համաճարակի ազդեցության արդյունքում: Բռնկումը «շատ նշանակալի եւ երկարաժամկետ հետեւանքներ կունենա»,- նշվում է Պորտուգալիայի բանկի հայտարարության մեջ:

Պորտուգալիայի տնտեսությունը, որը հիմնականում հիմնված է արտահանման, զբոսաշրջության ոլորտների եւ մասնավոր ներդրումների վրա, 2014 թվականից կայուն աճ էր ապրում: