Շրի Լանկայի նախագահը ներում է շնորհել զինվորին, որը մահապատժի էր ենթարկվել քաղաքացիական պատերազմի ժամանակ ութ խաղաղ բնակիչների սպանության համար, հայտնում է AP-ը։

Նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի գրասենյակը հայտնել է Սունիլ Ռատնայակեին ներում շնորհելու մասին եւ արդարադատության նախարարությանը հրամայել է ազատ արձակել նրան։ Ռատնայակեն եղել է զինվորների այն խմբի մեջ, որը մորթել էր ռազմական գործողությունների ժամանակ իրենց գյուղից փախած ութ մարդու, այդ թվում՝ 5-ամյա երեխայի։ Նա 2015թ․ մահապատժի էր դատապարտվել, եւ վճիռն անփոփոխ էր թողնվել երկրի գերագույն դատարանի կողմից։

Կառավարական ուժերը 2009թ․ հաղթանակ էին տարել «Տամիլական վագրեր» գրոհայինների հանդեպ՝ վերջ դնելով քաղաքացիական պատերազմին։ Երկու կողմերն էլ մեղադրվել էին մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ ՄԱԿ տվյալներով՝ հակամարտության ժամանակ սպանվել էր ավելի քան 100 000 մարդ։

Ռաջապակսան, որը, որպես ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչ, գլխավոր դերակատար էր պատերազմում, նոյեմբերին ընտրվել էր նախագահ այն բանից հետո, երբ խոստացել էր ազատ արձակել մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող զինվորներին։

Շրի Լանկայում 44 տարի է՝ մահապատժի արգելք կա, եւ մահապատիժները փաստացի դառնում են ցմահ ազատազրկում։