«Ռենկո» ընկերությունում աշխատող իտալացի տղամարդը, որի մոտ կորոնավիրուս էր աշխորոշվել, հաղթահարել է վարակը եւ այսօր տուն կգնա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընկերության փոխտնօրեն Գեղամ Բակլաչեւը։

«Թե իր, թե կնոջ թեստը բացասական է եղել, իրենց լավ են զգում»,- ասաց նա։

Տնօրենը նաեւ հայտնեց, որ ընկերության 3 տասնյակ աշխատակիցները, որ մեկուսացված էին այս ամբողջ ընթացքում, երկու օր առաջ կրկին թեստավորվել են, նրանցից միայն մեկի մոտ է հայտնաբերվել վարակ, որին տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Մյուսները վերադարձել են տնից աշխատանքային ռեժիմին։

Նշենք, որ իտալացի տղամարդը բնակվում է Երեւանում, նրա մոտ մարտի 11-ին հաստատվել էր վարակը։ Նա մեկ շաբաթ էր, ինչ Հայաստան էր եկել, մասնակցել էր «Թումո» կենտրոնում ընթացող շինարարական աշխատանքներին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված արդեն 290 մարդ կա։ Այսօր վիրուսից առաջին մահն է գրանցվել։ Մահացողը 72-ամյա պացիենտ է, որը գտնվում էր ինֆեկցիոն հիվանդանոցում։