Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։

Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Բացառություն կկազմեն օտար երկրներից ՌԴ տարածք ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովող, (ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի համապատասխան), ինչպես նաև ՌԴ Կառավարության առանձին որոշումներով իրականացվող չվերթների։

Այս մասին հայտարարություն է տարածել նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ [email protected]  Հեռախոս +33 6 95 10 39 27»։