Կորոնավիրուսից Հայաստանում մարդ է մահացել: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, սրտի ռիթմի խանգարում եւ այլ հիվանդություններ։  Հայաստանում մարտի 26-ի ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 290 մարդ, նրանցից  18-ն առողջացել են:

Գյումրում 74-ամյա տղամարդ է մահացել, որի մոտ շնչառական հիվանդություն է եղել։ Ըստ մամուլում հրապարակումների՝ տղամարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում, սակայն մահվան հստակ պատճառը պարզ կդառնա դիահերձումից հետո միայն։

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նրանցից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել վիրուսի առկայություն: Դրանք  փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, այժմ  հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացրել է, որ զինվորականներին բարձրորակ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Առաջնագծից  հեռու գտնվող նրանց զորամասում հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները։ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել:

Եթե Հայաստանում լինեն կորոնավիրուսով հիվանդացության այնպիսի պիկեր, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դա աղետ կլինի՝ թե՛ առողջապահության համակարգի համար, թե՛ հումանիտար իմաստով, լրագրողների հետ զրույցում ասել է  առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկրում հիվանդացության աճի ներկայիս տեմպերը կարելի է բարեհաջող համարել: Էրեբունիի եւ Չարենցավանի արտադրամասերից մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել: Սակայն չի կարելի պնդել, որ հայտնաբերվել եւ մեկուսացվել են նրանց հետ շփված բոլոր պացիենտները:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ կորոնավիրուսի ամենամեծ թվով դեպքեր են գրանցվել Երեւանում, Արմավիրում, Արարատում եւ Կոտայքում: Սյունիքում, Շիրակում եւ Լոռիում գրանցվել են վարակման եզակի դեպքեր, Վայոց ձորում եւ Գեղարքունիքում, վերջին տեղեկություններով, գրանցված դեպքեր չեն եղել:

Առողջապահության նախարարի խոսքով՝ կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող որոշ բժիշկներ տուն չեն գնում, քանի որ իրենց համարում են ռիսկի խումբ եւ վախենում են իրենց հարազատներին վարակելուց: Նրանց կենցաղային խնդիրները լուծում է նախարարությունը:

Կան նաեւ վարակված բուժաշխատողներ: Կորոնավիրուս է հայտնաբերվել բժշկի եւ շտապօգնության վարորդի մոտ: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Ըստ Արսեն Թորոսյանի՝  բուժաշխատողների վարակումը երբեմն անխուսափելի է:

Մենք այսօր հիվանդանոցային հնարավորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք. այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որեւէ բուժում չեն ստանում, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պետք է բանակցել հյուրանոցների հետ՝ մատչելի գնով պայմանավորվելու համար:

Մարտի 26-ին ժամը 9-ից 12-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 172 անձի նկատմամբ ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ մարտի 26-ի ժամը 12-ը՝ 458 անձի նկատմամբ։ Ոստիկանությունը  նորից հորդորել է բնակչությանը սահմանափակել տնից դուրս գալը, վարորդներին էլ՝ տեղափոխել միայն մեկ ուղեւորի։

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, կոչ անելով հանրապետությունում հայտարարել արտակարգ դրություն:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 5 միջոցառում է նախատեսել, որոնցից մեկը վերաբերում է գյուղոլորտին:

Մեկ այլ միջոցառում էլ առնչվում է փոքր բիզնեսին: Աջակցություն կտրամադրվի այն  ընկերություններին, որոնք ունեն 2-ից 50 աշխատակից: Միանվագ օգնության չափը որոշվելու է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ամբողջական 5 աշխատակցի հաշվով յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է որպես դրամաշնորհ:

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2389-ով, մահացության դեպքերը` 157-ով: Վարակվածների ընդհանուր թիվն Իրանում  հասել է 29406-ի, նրանցից 10 457-ն ապաքինվել են:

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471 820 եւ դրա հետեւանքով մահվան 21.297 դեպք: Առողջացել է 114 703 հիվանդ: Նոր կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 198 երկրում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել. «Գազն անջատում են՚, ապա ավելացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչի հասցեն:

«Գազպրոմ Արմենիայից»  NEWS.am-ին հայտնել են, որ մինչև ապրիլի 14-ը, այսինքն մինչեւ արտակարգ դրության ավարտը, ընկերությունը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել եւ հայտնել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս ասֆալտով: Ոստիկանները  հայտնաբերել են այդ քաղաքացուն ու բերման ենթարկել: Նաիրա Զոհրաբյանն, ի դեպ, նշել էր. «Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին», ավելի ուշ՝ հեռացրել գրառումը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.31 դրամով ու հասել է 497.24 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.59 դրամով ու կազմել 544.33 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով ու կազմել 592.36 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել  6.35 դրամ։

Մարտի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա եւս 2-3 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20