Հյուսիսային Իռլանդիայում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մարմնական ծանր վնասվածք հասցնելու փորձի համար, երբ նա հայտարարել է, որ վարակված է կորոնավիրուսով եւ միտումնավոր հազացել է ոստիկանների ուղղությամբ:

Independent-ի հաղորդմամբ՝ տղամարդը ձերբակալվել է կենցաղային միջադեպից հետո հարձակման համար Բելֆասթի հյուսիսայում մասում: Նա հայտարարել է ոստիկաններին, որ իր մոտ կորոնավիրուս է, այնուհետեւ միտումնավոր սկսել հազալ նրանց ուղղությամբ:

«39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հարձակում գործելու եւ մարմնական ծանր վնասվածք հասցնելու փորձի մեջ»,-հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները:

Ավելի վաղ Իռլանդիայի առողջապահության նախարար Սայմոն Հարիսը հայտարարել էր, որ Դուբլինում դարձել է խաբեության զոհ, երբ փողոցներից մեկում կինն ու տղամարդը սկսել են հազալ նրա ուղղությամբ, այնուհետեւ փախուստի դիմել՝ բարձր ծիծաղելով: «Դա բնավ զվարճալի չէ, այլ բավականին ճղճիմ երեւույթ է»,-դեպքի կապակցությամբ նշել է նա: Հարիսն ասել է, որ կարծես սոցանցերում հայտնվել է «խաղ», որը ենթադրում է այդպիսի գործողությունների նկարահանում: