Սինգապուրում այսպես կոչված սոցիալական հեռավորությունը խախտելու համար կարելի է հայտնվել բանտում, հաղորդում է Reuters-ը:

Կորոնավիրուսի դեմ երկամսյա պայքարի ընթացքում քաղաք-պետության մոտեցումը եւ մանրակրկիտ վերահսկողությունն արժանացել է միջազգային գովասանքի եւ թույլ տվել երկրին զգալիորեն խուսափել սահմանափակումներից առօրյա կյանքում: Սակայն նոր քայլերը խուճապ են առաջացրել բազմաթիվ բնակիչների մոտ:

«Ավելի հեշտ է ինքնամեկուսանալ, քան հիշել այդ քանակությամբ նոր կանոնները»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Մյուսները հարցրել են, թե վերաբերելու են արդյոք այդ կանոնները հասարակական տրանսպորտին ծանրաբեռնված ժամերին: «Ես չե՞մ կարող նստել իմ որդու կամ տիկնոջ կողքին: Իմ տղան կկալանավորվի՞. նա 7 տարեկան է»,-գրել է մեկ ուրիշ օգտատեր Դամիան Չին:

Սինգապուրի՝ ինֆեկցիոն հիվանդությունների մասին գործող օրենքում լրացումները, որոնք ուժի մեջ են մտել ուրբաթ, ուղեկցվել են միջոցառումներով, ինչպիսի են ակումբների փակումը եւ աշխատավայրից ու դպրոցներից դուրս մինչեւ 10 հոգով հավաքների սահմանափակումը:

Ցանկացած մարդ, որը միտումնավոր կնստի մեկ ուրիշից 1 մետրից պակաս հեռավորության վրա հասարակական տրանսպորտում կամ կկանգնի հերթում մինչեւ 1 մետր հեռավորության վրա, կմեղադրվի հանցանքի մեջ: Կանոնները, որոնք գործում են մինչեւ ապրիլի 30-ը, կարող են կիրառվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, իսկ իրավախախտները կարող են տուգանվել մինչեւ 7000 դոլարի չափով, ազատազրկվել մինչեւ 6 ամիս ժամկետով կամ պատժվել այլ ձեւով:

Իշխանությունները հայտարարել են, որ կարող են պահանջվել ավելի վճռական գործողություններ, եթե տեղաբնակները չընկալեն սոցիալական հեռավորությունն ամենայն լրջությամբ:

Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 683-ի: