ԵԽԽՎ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներ Սուննա Էվարսդոտիրը (Իսլանդիա), Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) եւ Սթեֆան Շեննախը (Ավստրիա) արձագանքել են այն տեղեկություններին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նովրուզի տոնի առիթով իր ելույթում առաջարկել է կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումների շրջանակում «մեկուսացնել» երկրի քաղաքական ընդդիմությանը, հայտնում է Turan-ը:

«Ես զարմացած եւ ցնցված եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի համավարակի խայտառակ օգտագործմամբ, որ սկսեն երկրի քաղաքական ընդդիմությանը ճնշելու եւս մեկ արշավ»,- ասել է սըր Ռոջեր Գեյլը:

«Անհավանական է, որ պետության ղեկավարը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակը չարաշահելով՝ այն օգտագործում է իր իշխանության ուժեղացման համար»,- ասել է նա:

«Նախագահ Ալիեւի լեզուն իր երկրի օրինական քաղաքական ընդդիմությանը որպես դավաճանական «հինգերորդ շարասյուն» ներկայացնելու համար, խորապես ոչ ժողովրդավարական է»,- իր հերթին ասել է Շեննախը: «Հենց արտակարգ իրավիճակների ժամանակ են քաղաքական պլյուրալիզմը եւ կարծիք արտահայտելու ազատության պատասխանատու օգտագործումը առավել կարեւոր, որ ապահովվեն քաղաքականության եւ հանրության շրջանում տեղեկությունների ազատ տարածման վերաբերյալ հրապարակային բանավեճերը»,- հավելել է նա:

Ի պատասխան «խուլիգանության» համար առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիկ Յաղուբովի կալանավորման մասին տեղեկությանը՝ մյուս զեկուցող Էվարսդոտիրն ասել է. «Այն ամենը, ինչ մինչեւ հիմա լսել եմ, վկայում են, որ պարոն Յաղուբովի դեմ գործը սարքված է, եւ նա կրկին քաղբանտարկյալ դարձավ»:

«Ըստ երեւույթին, Ադրբեջանի կառավարությունը սկսում է ծրագրված քաղաքական բռնաճնշումների հերթական փուլը: Սա ոչ մի լավ բան չի խոստանում Եվրոպայի խորհրդում երկրի ապագայի համար»,- հայտարարել է նա: