Սոցիալական մեդիայի օգտագործումն աճել է կորոնավիրուսի համավարակի արդյունքում, հատկապես դա վերաբերում է WhatsApp հանրահայտ մեսինջերին։ Այդ մասին հայտնել է Kantar վերլուծական ընկերությունը, հաղորդում է IXBT-ն։

Հետազոտությունն անցկացվել է մարտի 14-24-ն ավելի քան 25 հազար օգտատերերի մասնակցությամբ 30 շրջաններում։ WhatsApp-ն այժմ վայելում է իր տարածվածության գագաթնակետը։ Միջինում Facebook-ին պատկանող հավելվածի օգտագործումն աճել է 40 տոկոսով, համավարակի սկզբում՝ 27 տոկոսով եւ միջին փուլում՝ 41 տոկոսով։

Երկրներում, որտեղ համավարակը գտնվում է վերջին փուլում, WhatsApp-ի օգտագործումն աճել է 51 տոկոսով։ Ցուցանիշը տատանվում է տարբեր շրջաններում։ Օրինակ, Իսպանիայում WhatsApp-ի տարածվածությունն աճել է ընդհուպ մինչեւ 71 տոկոսով։

Մյուս սոցիալական մեդիայի հարթակները նույնպես մեծապես տարածվում են՝ ներառյալ Facebook-ը, ինչպես նաեւ չինական WeChat-ն ու Weibo-ն։ Facebook-ի օգտագործումն աճել է 37 տոկոսով, իսկ չինական մեդիայի դեպքում՝ 58 տոկոսով։