Պաշտոնյաները, ովքեր Փաշինյանին զեկուցել են պարենամթերքի պաշարների մասին, խաբել են նրան: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Անցյալ տարի կարտոֆիլի ցանքերը, որը հացին հավասար ռազմավարական նշանակություն ունի, կրճատվել են, եւ այս տարի երկրում դրա պաշարները 30 տոկոսով նվազել են: Փոխարենը շուկայում կա շատ ցածրորակ բելառուսական կարտոֆիլ: Բացի այդ, կրճատվել է նաև հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Այս ամենը նրա հետեւանք է, որ սուբսիդավորում են ոչ թե գյուղացիներին, ովքեր սերմեր են բերում ցանքի համար, այլ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ինչ-որ ձեռնարկությունների»,- նշեց նա:

Հրաչ Բերբերյանն ընդգծեց, որ որոշում կայացնելուց բացի, անհրաժեշտ է նաև հետեւողականություն, որպեսզի ծրագրերն իրականացվեն: «Դրա համար մեզ մասնագետներ են անհրաժեշտ, իսկ ես առայժմ միայն մի քանի դատարկամիտ պաշտոնյայի ակտիվությունն եմ տեսնում, որոնք ինձ մոտ նույնիսկ առաքիչ չէին աշխատի», - հավելեց փորձագետը:

Նրա խոսքով` ծրագրերը հույս են ներշնչում, բայց երբ դրանք կապում են բանկերի հետ, որոնք գյուղացիների սնանկացման աղբյուրն են, դա մտահոգիչ է, քանի որ մարդիկ գրավ դնելու ոչինչ չունեն, բացի այդ, բանկերը ցուցակներ ունեն` ում վարկեր պետք է տալ, իսկ ում` ոչ: «Ծրագրերում չեն նշվում, թե որ գյուղատնտեսական մշակաբույսեր գերակա արտահանման տեսանկյունից: Կարեւոր է գումարներ ուղղել եւ սուբսիդավորել ոչ թե տրանսպորտային ընկերությունները կամ պահածոների արտադրության ձեռնարկությունները, եւ դա գյուղատնտեսությանը աջակցություն կոչել, այլ օգնել գյուղացիներին հասցեական կերպով: Ինչ վերաբերում է կոոպերատիվներ ստեղծելու փորձերին, ապա դա նեղացնում է եւ սահմանափակում է հնարավորությունը գյուղատնտեսական այլ միավորումների համար: Ստացվում է, որ եթե մեկ այլ միավորում դիմի ծրագրի համար, ապա նրան կմերժեն»,- պարզաբանեց Հրաչ Բերբերյանը:

Նա հայտարարեց, որ գյուղացին չգիտի, թե ինչպես իրացնել այն, ինչ նա այսօր տնկում է, ուստի պետությունը պետք է պայմաններ ստեղծի աշխատանքի համար: Փորձագետի խոսքով՝ շատ պաշտոնյաներ, այդ թվում` վարչապետը, հետզհետե գալիս են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը: