Թուրքիան եւ Իրանը ամբողջությամբ փակել են սահմանը, այդ թվում նաեւ` բեռնափոխադրումների համար, ինչի պատճառով Ասիայի երկրներ ուղեւորվող բոլոր թուրքական բեռներն անցել են Վրաստանով եւ Ադրբեջանով, ինչպես նաեւ «Վերին Լարսով» եւ Ռուսաստանով երթուղիներին: Այս մասին մարտի 27-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը` նշելով «Վերին Լարս» անցակետում տրանսպորտային միջոցների կուտակման պատճառնրը:

Ըստ նրա` արդյունքում դա կուտակումների է հանգեցրել է «Վերին Լարս» անցակետում, որն առանց այդ էլ կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով փոխադրումների պահանջների խստացման պայմաններում  սահմանափակումներով է աշխատում: «Վերին Լարս» անցակետով բեռնափոխադրումներ իրականացվում են, բայց` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներով: Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չկան, միակ սահմանափակումը վրացական իշխանությունների կողմից կորոնավիրուսի պայմաններում որոշակի ռեժիմների սահմանումն է:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է գործում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: