Ադրբեջանն ամեն րոպե սպասում է Արցախում ֆորս-մաժորային իրավիճակի, որ այնտեղ գործողություններ սկսի: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում Արցախում պարտադիր պետք է արտակարգ դրության ռեժիմ հայտարարել, իսկ ահա ընտրությունները պարտադիր անցկացնելու համառ ձգտումը այս շրջանում՝ հաշվի առնելով, որ հետաձգվեց անգամ հայկական իշխանությունների համար կենսականորեն կարեւոր հանրաքվեն, անհասկանալի է:

«Ընտրությունների անցկացումը սպառնում է վիրուսի տարածմամբ՝ ուղղակի այն պատճառով, որ ընտրական գործընթացները, հանրահավաքները, քարոզչությունը նախատեսում են մարդկանց կուտակումներ, դրանից բացի, վտանգը մեծանում է նաեւ միջազգային դիտորդների եւ Հայաստանից դիտորդների ժամանմամբ, որոնք կարող են վիրուսի կրող լինել: Կարող է այլ խնդիր էլ առաջանալ՝ լեգիտիմության հարցը, եթե ընտրություններին ընդհանրապես միջազգային դիտորդներ չլինեն»,- նշեց նա:

Արամ Գ. Սարգսյանը հավելեց, որ ընտրությունների արագ անցկացման շահագրգռվածությունը նկատելի է ոչ միայն Հայաստանի իշխանությունների մոտ, այլեւ Արցախի իշխանությունների, որոնք այս պայմաններում պետք է մտցնեն ԱԴ ռեժիմ:

«Ես կարծում եմ, որ նման որոշումն ընդունվում է զուտ քաղաքական մղումներով: Սակայն բոլորը պետք է հասկանան, որ հնարավոր հետեւանքների համար ստիպված են լինելու պատասխան տալ, այդ թվում՝ ապագա իշխանությունները, քանի որ նրանք, ովքեր կփորձեն սպառնալիքի տակ դնել Արցախի անվտանգությունը, կդառնան ամբողջ հայ ժողովրդի թշնամիները»,- ամփոփեց դեմկուսի առաջնորդը:

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: