Անցյալ տարի Հայաստանում հանցագործությունների թվի աճը պայմանավորված էր ոչ թե այս ոլորտի ռեգրեսի հետ, այլ համապատասխան մարմինների կողմից պատշաճ վիճակագրական հաշվարկների իրականացմամբ: Այս մասին մարտի 27-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «2019 թվականի փետրվարի 8-ին Կառավարության թիվ 65-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով 2019 թվականին հանցագործությունների թվի աճի մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սամսոնյանի հարցին:

Այսպես՝ նախարարի հավաստիացմամբ, հանցագործությունների կատարման դեպքերը սկսել են պատշաճ կերպով գրանցվել, ինչն էլ հանգեցրել է տարբեր ժամակաշրջանների միջեւ այսպիսի տպավորիչ տարբերության:

«Դուք, հավանաբար, դեռեւս հիշում եք այն մասին, որ մեծածավալ համաներման արդյունքում բավական մեծ թվով մարդիկ դուրս եկան քրեակատարողական հիմնարկներից, ինչի հետեւանքով կրկին գրանցվեցին հանցագործությունների կատարման դեպքեր: Հնարավոր է՝ այս կարճ ժամանակահատվածում դա անդրադարձել է վիճակագրության վրա, բայց ես կարծում եմ, որ ոչ այնքան զգալի, եւ որ հիմնականում այստեղ խոսքը առաջին բաղադրիչի մասին է»,- հայտարարեց Բադասյանը: