Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշում է, որ Բելառուսում ձեռնարկվում են COVID-2019 կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կանխման անհրաժեշտ միջոցառումներ: Այս մասին նա այսօր ասել է «Բելգիպս» ԲԲԸ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: 

Պետության ղեկավարը շեշտել է, որ երկրում յուրաքանչյուր ծառայություն՝ բժիշկներից մինչեւ իրավապահ մարմիններ, այս իմաստով իրենց գործով են զբաղված: Հայտնաբերվում են շփված անձինք, կանխարգելման աշխատանք է կատարվում: Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, դեմ է այս թեմայի շուրջ փսիխոզին եւ խուճապին:

«Մենք դրանով զբաղվում ենք: Բայց միայն թե առանց աղմուկ ու փոշի բարձրացնելու»,- ասել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրությունը կենտրոնացրել է նաեւ տնտեսության վրա աշխարհում ձեռնարկվող միջոցառումների ազդեցության վրա: Իրավիճակն անդրադառնում է նաեւ Բելառուսի վրա: Նա որպես օրինակ բերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ տնտեսության եւ մարդկանց կյանքի համար հետեւանքներն արդյունքում կարող են ավելի ծանր լինել, քան բուն վիրուսը:

Պետության ղեկավարն ընդհանուր առմամբ արտահայտվել է խնդրի տարբեր ասպեկտներով՝ սկսած կարանտին մտցնելու եւ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցնելու կարծիքներից մինչեւ պարենային անվտանգության եւ խանութներում տեսականու ապահովման հարցերը: