Հայաստանի մի քանի ոլորտներում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները կարող են պետական աջակցություն ստանալ, եթե նրանք լավ վարկային եւ հարկային պատմություն ունենան եւ համապատասխանում են մի շարք պահանջների: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Ըստ նրա` անձնական երաշխիք կարող է տրամադրվել ընկերության ցանկացած ներկայացուցչի կողմից:

Նաիրա Մարգարյանը հավելեց, որ որ մշակվել է միջոցառում, որի շնորհիվ ավելի քան 1 տարի գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը 2019 թվականին 24-500 միլիոն դրամ է կազմել, կարող են դիմել վարկ ստանալու համար:

«Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին 2 տարին` առանց տոկոսների: 25-ից 36 ամիս ժամկետի համար կկիրառվի 12 տոկոսանոց տոկոսադրույքը, վարկառուները կկարողանան վարկը մարել առաջին 6 ամսվա ընթացքում: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին, այդ թվում նաեւ` զբոսաշրջության ոլորտին:

Վարկի առավելագույն գումարը պետք է 50 միլիոն դրամ կազմի, բայց` 2019 թվականին տնտեսվարող սուբյեկտի շրջանառության 10 տոկոսից ոչ ավել: Այս միջոցները կարող են օգտագործվել մինչեւ 3 ամիս աշխատավարձեր, հարկեր եւ տուրքեր վճարելու, հումք ձեռք բերելու եւ ներմուծելու համար` պայմանով, որ դրանք կօգտագործվեն Հայաստանում, ինչպես նաեւ` կոմունալ ծառայությունների եւ վարձավճարների վճարման համար»,- նշեց փոխնախարարը: