ԱՄՆ-ի տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է հայտնվել, որը նման է Մեծ դեպրեսիային: Այս մասին ասվում է The Washington Post-ում հրապարակված հոդվածում:

Պարբերականը ԱՄՆ-ի ներկայիս վիճակը համեմատում է անցած դարի ճգնաժամի հետ, երբ դադարեցվեցին մի շարք ձեռնարկությունների աշխատանքները, զանգվածային ազատումներ եղան, ինչը հանգեցրեց փոքր եւ խոշոր ընկերությունների ֆինանսական կորուստների եւ սնանկության:

The Washington Post-ը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները «ստիպված են եղել դադարեցնել տնտեսության գրեթե կեսն ու աշխատող բնակչության մեծ մասին համոզել մնալ տանը՝ շատ կյանքեր փրկելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շատ ձեռնարկություններ աշխատանքից ազատել են իրենց աշխատակիցներին, ինչը երկրում գործազրկության ռեկորդային աճի է հանգեցրել: Ընդ որում, շատ գործատուներ կրճատում են իրենց աշխատակիցների աշխատավարձերը: Պարբերականի կարծիքով՝ այս պահին բաց է մնում հարցը, թե որքան կշարունակվի ճգնաժամը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակիորեն վերսկսել մասնավոր սեկտորի աշխատանքը մինչեւ ապրիլի 12-ը, սակայն տնտեսագետներն ու առողջապահության ոլորտի փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է մահվան թվի աճի եւ ռեցեսիայի խորացման հասնել: