Համաշխարհային տնտեսությունն անկում է ապրում, որը նման է կամ ավելի վատն է, քան 2008-2009 թվականներին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Կրիստալինա Գեորգիեւնան լրագրողների հետ վիդեոկապի միջոցով կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ բոլորի համար պարզ է, որ մենք սկսել ենք տնտեսական անկում ապրել, որը նույնչափ սարսափելի է կամ էլ ավելի վատը, քան 2009-ին էր: Մենք կանխատեսում ենք, որ այն զգալի չափով կվերականգնվի 2021 թվականին, սակայն միայն եթե մեզ հաջողվի հաղթահարել վիրուսն ամբողջ աշխարհում եւ կանխարգելել իրացվելիության խնդիրն աշխարհում»,-նշել է նա եւ հավելել, որ խոսքը վերաբերում է 2020 թվականին «բավականին խորը» տնտեսական անկմանը:

Նա կոչ է արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել խոշոր պարտք ունեցող երկրներին, քանի դեռ դա չի վերածվել լուրջ խնդրի: Գեորգիեւնան մատնանշել է, որ Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ճապոնիան արդեն խոստացել են օգնություն ցուցաբերել աշխարհի աղքատ երկրներին: «Մենք ցանկանում ենք համոզվել, որ երկրները կստանան ֆինանսավորում հնարավորինս արագ»,-նշել է հիմնադրամի ղեկավարը: Կազմակերպությունը, նրա խոսքով, դիտարկում է կանխարգելիչ վարկեր կիրառելու հնարավորությունը պաշտպանական մեխանիզմներ ստեղծելու համար ճգնաժամի նոր բացասական հետեւանքների դեպքում: «Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ արտակարգ ֆինանսավորում հատկացնելու մասին [կորոնավիրուսի տարածման կապակցությամբ]»,-հավելել է նա:

Գեորգիեւան խորհուրդ է տվել ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին հնարավորինս վճռական կերպով կիրառել համավարակի հետեւանքները մեղմելուն ուղղված տնտեսական միջոցներ: