Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը, որն ԱՄՆ պատմության մեջ տնտեսական օգնության այդպիսի ամենամեծ փաթեթն է: Այդ քայլը կոչված է օգնել երկրի բնակիչներին եւ ամերիկյան ընկերություններին հաղթահարել տնտեսական անկումը, որը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկմամբ, եւ անհապաղ ապահովել հիվանդանոցներն անհրաժեշտ դեղորայքով ու սարքավորումներով, հաղորդում է Voice of America-ը:

Համապարփակ փաթեթը, որը հաստատվել է Սենատի կողմից չորեքշաբթի երեկոյան, ուղարկված է նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրման համար: Ակնկալվում է, որ երկրի ղեկավարն անհապաղ կստորագրի փաստաթուղթը՝ տալով դրան օրենքի կարգավիճակ:

2.2 տրիլիոն դոլարի չափով տնտեսական օգնության փաթեթը, որը Կոնգրեսի կողմից երբեւէ ընդունված ամենախոշոր տնտեսական օգնության միջոցառումն է, թույլ կտա երեք շաբաթվա ընթացքում ուղիղ հատկացումներ կատարել ամերիկյան հարկատուներին:

Օրինագիծը նախատեսում է 500 մլրդ դոլար հատկացնել ճգնաժամի հետեւանքով տուժած ընկերություններին եւ ընդհանուր առմամբ 290 մլրդ դոլար ուղղել ամերիկացի ընտանիքներին մեկանգյա նպաստներ հատկացնելու համար մինչեւ 3000 դոլարի չափով չորս հոգուց բաղկացած յուրաքանչյուր ընտանիքին:

Բացի այդ, փոքր բիզնեսը կստանա 350 մլրդ դոլար վարկերի տեսքով, 250 մլրդ դոլար կուղղվի գործազրկության նպաստներ տրամադրելու համար, ինչպես նաեւ եւս առնվազն 100 մլրդ դոլար կստանան հիվանդանոցները եւ ԱՄՆ առողջապահության համակարգն ընդհանուր առմամբ: