Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակը լավ է: Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը:

«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում խաղաղապահի առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք իրադրությանը»,-ասաց նա, որից հետո տեսակապի միջոցով զրուցեցին Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում եւ Սիրիայում իրենց ծառայությունն անցկացնող հայ զինծառայողների հետ:

Աֆղանստանում զորախմբի հրամանատար Փոխգնդապետ կարեն Թադեւոսյանը նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված անհանգստանալու որեւէ առիթ չունեն, անգամ կոնտակտավոր չունեն:

«Կրճատվել է խաղաղ բնակչության ներկայացուցիչների մուտքը բազա, բաժանվել են սպիրտային լուծույթներով տարաներ, որոնք զինծառայողները պահում են իրենց գրպանում: Բացի այդ, ունենք բիշկ, որը հետեւողականորեն հետեւում է զինծառայողների առողջությանը»,-ասաց նա:

Կոսովոյում զորախմբի հրամանատար Մարատ Սարգսյանն իր հերթին ասաց, որ անձնակազմը լրիվ առողջ է. «Մեկ բուլղարացի զինծառայող երեք օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, նրան էվակուացրել են իրենց երկիր: Մեր զորախմբում խնդիրներ չունենք»:

Լիբանանում հայկական զորախմբից եւ Սիրիայում մարդասիրական առաքելությամբ գտնվող հայկական խմբերից եւս հայտնեցին, որ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են, բոլորն առողջ են եւ իրականացնում են իրենց ծառայությունն ու ականազերծման աշխատանքները: