Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։ Ըստ նրանց հիմնական խնդիրը կապված է Լարսի անցակետի հետ։ Մաքսակետ են այցելել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Հրանտ Այվազյանը, որոնք այնտեղից լայվ են մտել։

Նրանք նշում են, որ այստեղ 350 բեռնատար է կանգնած, եւս 30 բեռնատար էլ մաքսատան ներսում է։ Այստեղ մեքենաներ կան, որ կանգնած են արդեն 6-7 օր։

Հրանտ Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր երկու խմբով 60 բեռնատար անցել է սահմանը եւ ուղղություն վերցրել դեպի Լարս։ Նրանց Վրաստանում ուղեկցում են հատում ռեժիմով՝ առանց որեւէ տեղ կանգնելու։

Վարորդները բողոքում են, որ հենց գիշերը գալիս է, առանց հերթի բազմաթիվ  մեքենաներ են անցնում սահմանը, իսկ իրենք կանգնած մնում են. «Երկուշաբթի պարզենք, եթե Լարսը փակ է, չենք կարողանալու անցնել Ռուսաստան, իմաստ էլ չունի այստեղ սահմանն անցնել ու մնալ Վրաստանում։ Եթե Վրաստանում ենք, մնալու, ավելի լավ է մեր Հայաստանի տարածքում մնանք։ Ասում են, որ Ռուսաստանը 12-14 օրով փակելու է ճանապարհները»,-ասաց վարորդներից մեկը։

Մյուսն էլ հավելեց, որ Վրաստանում նույնպես խտրականություն է կիրառվում, վրացիներին արագ բաց են թողնում, իսկ հայերի բեռնատարները մնում են. «Մեր վարչապետը իրենց վարչապետի հետ կաբինետների ներսում զրուցում է, ամեն ինչ գեղեցիկ է երեւում, բայց իրականությունն այլ է»։

Վարորդները բողոքում են, որ էստեղ ոչ զուգարան կա, ոչ ջուր։

Նրանք դրական համարեցին, որ օրվա ընթացքում շտապօգնության մեքենան գալիս է, ստուգում է իրենց առողջական վիճակը, ձեռնոցներ, դիմակներ են բաժանում։

Մեկ այլ վարորդ էլ դժգոհեց Լարսի անցակետում ռուսական կողմի աշխատանքից. «Ընդամենը մի մարդ է աշխատում, այլ էլ դանդաղ, ձեռքերը գրպանում։ Վրաստանի կողմը նորմալ աշխատում է, Հայաստանն էլ է նորմալ աշխատում, իսկ ռուսներին ամոթ ա։ Ես ռուսերեն էլ սա կանես։ Շատ արհամարհական վերաբերմունք է, առանց կաշառքի էլ չեն աշխատում։ Մի պահ պատկերացրեք, որ Հայաստանը ռուսների հետ էսպես վարվի։