ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ վարչապետ Փաշինյանի կողմից անհայտ հեռախոսահամարներին կատարված զանգերին։ Նա մասնավորապես դիմել է վարչապետին՝ ասելով, որ ժողովրդին զանգելու եւ թոշակների՝ բոլորին հայտնի գումարն ու յոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարեն, զանգեք, դիմեք, հրավիրեք եւ միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավությամբ լսեք ձեր թիմից դուրս իսկապես փորձառու մասնագետների տեսակետն ու առաջարկությունը:

Նա, մասնավորապես, գրել է. «Երկիր մոլորակում պատերազմ է, աներեւակայելի, պարականոն պատերազմ. այս մասին՝ անկեղծ ու անթաքույց հայտարարում են աշխարհի մեծերը:

Այս մասին է համաշխարհային լրահոսը. գամված հեռուստացույցի առջեւ՝ զարհուրած հետեւում ենք, թե ինչպես են բառացիորեն մաշվում ազգերն ու պետությունները, արձանագրում ենք, որ բոլորս մեկ կաթսայի մեջ ենք, որ աներեւույթ «հակառակորդը» չի խնայում հարուստ, աղքատ, վարչապետ կամ իշխան: Արձանագրում ենք, թե, ինչպես են անճարակությունից խենթանում առաջնորդները, ինչպես է աշխարհը կամաց-կամաց համակերպվում աներեւակայելի մարդկային կորուստների հետ… ու, ինչպես է քո սիրելի քաղաքը թաղվում լռության ու վատ լուրերի սպասումի մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտությունները սառեցնելու, ՄԱՐԴԵՂԵՆ ու մեծատես լինելու կոչ է անում:

Աշխարհի քսան մեծերը՝ մեկ սեղանի շուրջ հավաքվելու բարդույթ ունեցող մեծերը, հավաքվում են հեռավար մեկ սեղանի շուրջ: Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ աշխարհը աննկարագրելի փոքրացել է ու այդ ցանցի մեջ են բոլորը: Համաշխարհային մարտահրավերը հաղթահարելու դեղատոմսը պարտադրում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ, այլընտրանք չկա:

Աներկբա է, համավարակին հաջորդելու են նոր ժամանակներ, ուր մրցունակ կլինեն այն հասարակությունները, որոնք արագորեն կվերադասավորեն քաղաքական եւ բարոյական արժեքները, քաղաքական փիլիսոփայության եւ վարքագծի միանգամայն նոր չափանիշեր կսահմանեն, կգիտակցեն կառավարչական նոր որակներով եւ սկզբունքներով առաջնորդվելու հրամայականը:

Աներկբա է, որ համաշխարհային նոր՝ հետհամաճարակային իրողություններում, փոխվելու են շեշտադրումները եւ անգամ աշխարհի մեծերը կենտրոնանալու են նախ սեփական մարտահրավերներն ու իրենց դիրքերն ամրապնդելու կոորդինատում:

Աներկբա է, որ շատ պետություններ կփորձեն խաղարկել ճգնաժամից շահեկան դուրս գալու սեփական սցենարները: Այստեղ է, որ հատկապես փոքր, սահմանափակ ռեսուրսներով երկրներից բացառիկ ճիգ, ռեսուրսների մոբիլիզացիա, իշխանությունների բարոյական լեգիտիմություն, լայնախոհություն եւ ազգային համախոհություն է պահանջվում:

Հանուն արդարության պիտի արձանագրեմ, որ մեր իշխանությունները քայլեր ձեռնարկում…որակի եւ արդյունավետության մասին հետո կխոսենք…

Երեկվանից, ինձ ստիպելով, հետեւում եմ վարչապետ Փաշինյանի քաղաքացիների հետ հեռախոսազրույցները: Գուցե PR տեսակետից արդարացված է, գուցե…չգիտեմ…

Նպատակը ինչ-կա-չկա հասկանալն է, անկեղծանում է վարչապետը: Ես, առհասարակ, գնահատում եմ անկեղծությունը, անգամ քաղաքականության մեջ: Միշտ եմ հաստատել՝ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է:

Բայց, եթե վարչապետի եւ նրա թիմի անկեղծ նպատակը ինչ-կա-չկա հասկանալն է, եւ նրանք անկեղծ են այդ մղումի մեջ, ապա ինչպես հասկանալ այս օրերին խորհրդարանական հարցու պատասխանի ժամանակ ընդդիմությանը կրկին սվիններով հակազդելու, <<լավ տղու>> բարեվարքությամբ ընդդիմադիրներին լռեցնելը: Մենք սովորել ենք, արդեն հասկացել ենք ու ճանաչել ձեզ, բայց մի տեսակ՝ ժամանակներն են շատ ուրիշ:

Մոռանում եք, որ այդ պոտենցիալ զանգվողների ներկայացուցիչներն են խորհրդարանում, պատգամավորներ, ովքեր հավաքական, ամբողջական տեսակետ են փոխանցում:

Այն հին՝ համավարակին նախորդած ժամանակներում դրսեւորած աննախադեպության, ամեն ինչ քանդել-սարքելու, այլակարծությունը մերժելու, ժողովրդի <<ум, честь и совесть>>-ի անունից խոսելու , լավ տղու վարքագիծը մերժելի է, զզվելի եւ անհեռատես:

Այս օրերին եւ առաջիկայում մեկ՝ այն էլ անփորձ քաղաքական ուժի ներուժով, քաղաքական մոնոպոլացման, մտահորիզոնի եւ մտայնության ներկա որակներով, առաջարկություններն ու տեսակետները մերժելու վարքագծով գործնականում անկարելի է հաղթահարել ներկա եւ առաջիկա մարտահրավերները:

Ժողովրդին զանգելու եւ թոշակների՝ բոլորին հայտնի գումարն ու յոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարեն, գուցե զանգեք, դիմեք, հրավիրեք եւ միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավությամբ, դիմեք հանրային եւ քաղաքական ռեսուրսների մոբիլիզացման գործիքակազմին, լսեք ձեր թիմից դուրս իսկապես փորձառու մասնագետների տեսակետն ու առաջարկությունը:

Մի թերագնահատեք նաեւ երեւույթի բարոյական կապիտալը…

28.03. Համավարակի տարում