Գերմանիայում, բավարական Ռեգենսբուրգ քաղաքի մոտ հնագետները հայտնաբերել են մամոնտի ժանիք, որի երկարությունը մոտ 2,5 մետր է։ Այս մասին մարտի 27-ին հայտնել է հուշարձանների պաշտպանության վարչությունը, հայտնում է DW

Մասնագետների տվյալներով՝ մամոնտները Բավարիայի տարածքում ապրել են սառցե դարաշրջանում՝ մոտ 20 000 տարի առաջ։ Սակայն գտածոյի ստույգ տարիքը դեռ չի որոշվել։

Այդ երկարությամբ ժանիքի ամբողջական պահպանվելը հազվագյուտ երեւույթ է, նշում են հնագետները։ Պալեոնթոլոգիայի եւ երկրաբանության բավարական պետական հավաքածուի փորձագետ Գերտրուդ Ռյոսներն հայտարարել է «հազվագյուտ գտածոյի» եւ «բացառիկ հաջողության» մասին։

Հնագետները ենթադրում են, որ ժանիքը պատկանում է մեծահասակ արու մամոնտի։ Ժանիքի մոտ հայտնաբերվել է 30x70 սանտիմետրանոց ոսկոր, որը ենթադրաբար նույնպես մամոնտի է պատկանում։ Դեռեւս հայտնի չէ խոսքը նույն կենդանու մասին է, թե ոչ։ Հնագետ Քրիստոֆ Շտայմանը չի բացառում, որ երկու ոսկորներն էլ շատ վաղուց ջուրը բերել է հայտնաբերման վայր։ Եթե դրանք միշտ ցամաքում լինեին, մանր մասերի կբաժանվեին, պարզաբանել է Շտայնմանը։