Սինգապուրի իշխանություններն առաջին անգամ զրկել են անձնագրից քաղաքացուն տնային կարանտինը կոպտորեն խախտելու համար, որում տղամարդը պետք է գտնվեր արտերկրից վերադառնալուց հետո։ Այդ մասին ասվում է  հանրապետության իմիգրացիայի եւ վերահսկողության վարչության կիրակի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«53-ամյա Գո Իլյա Վիկտորը ժամանել էր Սինգապուր Ինդոնեզիայից մարտի 19-ին եւ համաձայն երկրում ուժի մեջ մտած որոշման՝ նա պետք է կարանտինում անցկացներ 14 օր»,-պատմել են կառույցում։ Այդուհանդերձ, նույն օրը տղամարդը լքել էր երկիրը եւ կրկին մեկնել Ինդոնեզիա։ «Սինգապուրի սահմանին նրան նախազգուշացրել էին մեկուսացման ռեժիմը խախտելու եւ համապատասխան պատժի մասին, եւ չնայած դրան՝ նա լքել էր երկիրը, իսկ մարտի 24-ին կրկին փորձել մուտք գործել հանրապետություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչությունում ընդգծել են, որ «հաշվի առնելով արարքի ծանրությունը, որը կատարվել էր միտումնավոր, նրան անձնագրից զրկելու մասին որոշում է կայացվել»։

«Սինգապուրի կառավարությունը մտադիր է անհապաղ ձեռնարկել ամենակոշտ միջոցները մեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ։ Այդ իրավախախտման համար նախատեսված է 10 հազար սինգապուրյան դոլարի չափով (7 հազար ԱՄՆ դոլար) տուգանք կամ կալանավորում մինչեւ վեց ամիս ժամկետով»,-ասվում է հայտարարության մեջ։ Ընդ որում՝ պատժից հետո օտարերկրացիները կվտարվեն երկրից։

Ներկայումս հանրապետություն բոլոր ժամանողները պետք է գտնվեն խիստ տնային կարանտինում, որը թույլ չի տալիս լքել տարածքը 14 օրվա ընթացքում։ Բացի այդ, մարտի 23-ից երկրի իշխանություններն ամբողջովին փակել են սահմանները, այդ թվում՝ տրանզիտի համար այն օտարերկրացիների դեպքում, որոնք չունեն մշտական բնակության իրավունք։ Այսօրվա դրությամբ քաղաք-պետությունում վարակվածների թիվը գերազանցել է 800-ը, ընդ որում՝ շուրջ 200-ն ամբողջովին ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։ Սինգապուրում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է հունվարի 23-ին, առ այսօր երկրում հիվանդության հետեւանքով մահացել է երկու մարդ։