Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ վրացական կողմը մերժել է իր տարածքով թույլ տալ Ռուսաստանի քաղաքացիներին մեկնել ՌԴ՝ առաջարկելով իր երկրի քաղաքացիներին հեռանալ Հայաստանից օդային ճանապարհով։

«Հաշվի առնելով, որ վրացական կողմը արգելել է Հայաստանից դուրս գալու ցանկություն հայտնած Ռուսաստանի քաղաքացիներին անցնել իր տարածքով ցամաքային ճանապարհով՝ կրկին խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին անհապաղ օգտվել Հայաստանից հեռանալու առկա հնարավորությունից ավիահաղորդակցման միջոցով»,-նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Մարտի 21-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմի մասին, որը տեւելու է մինչեւ ապրիլի 21-ը։