Վրաստանի պաշտպանության նախարարության Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի մաքրման ծառայության վեց աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս․ նրանք գտնվել են կարանտինում մարտի 21-ից, ասվում է երկրի ՊՆ հայտարարության մեջ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն։

Նախարարության ղեկավարությունը խիստ միջոցներ է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար։ Վարակվածների հետ շփում ունեցած բոլոր մարդիկ գտնվում են կարանտինում եւ ինքնամեկուսացված են՝ համաձայն բոլոր կանոնների։ Մասնավորապես, վարակվածների հետ ենթադրվող շփում ունեցած ութ մարդ տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ հետագա հետազոտություններ անցնելու համար։

Ընդ որում՝ հաջողվել է պարզել վարակման աղբյուրը, ըստ էության, նա վարակվածներից մեկի բարեկամն է, որը ժամանել էր Ադրբեջանից։

«Մարտի 12-ից անձնակազմի մեծ մասն աշխատել է հեռավար ռեժիմում՝ ՊՆ հրահանգի համաձայն, իսկ մարտի 21-ից Զինված ուժերը տեղափոխվել են զորանոց։ ՄԵնք նաեւ շեշտում ենք, որ Ազգային գվարդիայի մաքրման ծառայության աշխատակիցները շփում չեն ունեցել այլ զինվորական զորամասերի հետ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Բոլոր վարակվածները տեղափոխվել են Նախարարության զինվորական հոսպիտալ։

Մարտի 29-ի դրությամբ կառավորության stopcov.ge կայքի տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք, 18 հիվանդ ապաքինվել է։ Կարանտինում գտնվում է 4 717 մարդ, իսկ 268 մարդ ստանում է բուժում ստացիոնարում։