Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ցավակցություն է հայտնել ծագումով հայ ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան կապակցությամբ։

«Պատրիկ Դեեւջյանը հայ ժողովրդի շահերի եռանդուն պաշտպանն էր եւ մշտապես իր կարեւոր դերն ուներ մեր երկու երկրների ժողովուրդների հարաբերություններում»,- դեսպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Լաքոտն ընդգծել է Դեւեջյանի դերը Տավուշի մարզի համար ծրագրերի մշակման հարցում։ Դեսպանը նշել է, որ Դեւեջյանը հաճախ էր այցելում Հայաստան եւ հայտնի ու հարգված էր հայ ժողովրդի կողմից։

Դիվանագետը հիշել է Դեւեջյանի հետ զրույցը, որը տեղի էր ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելության նախօրեին։ Նրա խոսքով՝ Դեւեջյանի խորհուրդներն ու դասերն իրենց արձագանքն ունեն այսօր։

Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դեւեջյանը մահացել է մարտի 29-ի գիշերը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։