Կորոնավիրուսի համավարակի պատճառով բունդեսվերը դուրս է բերում իր կոնտինգենտն Իրաքից։ Այդ մասին կիրակի՝ մարտի 29-ին, պաշտպանության հարցերով բունդեսթագի հանձնաժողովի ներկայացուցիչներին հայտնել է օպերատիվ հրամանատարությունը, հաղորդում է DW-ը։

Առաջին զինծառայողներն ինքնաթիռներով տեղափոխվել են Գերմանիա։ Խոսքը վերաբերում է զինվորներին, որոնց ներկայությունը «բացարձակ պարտադիր չէ»։ Դուրս բերված զորքերի հստակ թիվը չի նշվում։

Ավելի վաղ՝ մարտի 16-ին, ամերիկացի գեներալ լեյտենանտ Փեթ Ուայթը, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Inherent Resolve գործողության հրամանատարն է, դադարեցրել է Իրաքում տեղի զինվորականների ուսուցումը մինչեւ մայիսի 11-ը։ «Գերմանիան կմնա Իրաքում կրճատված կազմով մինչեւ հետագա ծանուցումները»,-պարզաբանել են բունդեսվերի մամուլի ծառայությունում։

Dpa գործակալությունը հաղորդել է, որ բունդեսվերը կգործադրի մինչեւ 15 հազար զինվորականներ դաշնային հողերին եւ համայնքներին աջակցելու համար։

Մարտի 25-ին բունդեսթագը երկարաձգել էր բունդեսվերի մասնակցությունն Իրաքում միջազգային հակաահաբեկչական առաքելությունում՝ փոփոխելով մանդատը։ ԻՊ-ի դեմ միջազգային գործողությունում բունդեսվերի զինվորների կոնտինգենտը կազմում է 415 մարդ։ Իրաքում գտնվում է շուրջ 120 գերմանացի զինվոր։