«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը քարոզարշավին իր կուսակիցների մասնակցությունը չի համարում վարչական ռեսուրսի օգտագործում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց նա:

««Ազատ հայրենիք» կուսակցությունում 1500 կուսակցական կա եւ հաստատ պետական համակարգում բավական մեծ անդամներ, եթե նրանց ակտիվ մասնակցությունը օրենքին համապատասխան համարվում է պետական ռեսուրսի օգտագործում, ես չեմ համարում, որ ճիշտ է: Կան գյուղապետեր, մենք տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո հրապարակել ենք` ավելի քան 170 համայնքի ղեկավար, որոնք  «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ են եւ համակիրներ են: Այն ժամանակ ծիծաղում էին, ասում էին ուռճացրած է, հիմա ասում են՝ համայնքի ղեկավարները օգնում են «Ազատ հայրենիք» կուսակցությանը»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաեւ պատմեց Հադրութում ապրիլյան պատերազմի օրերին  իրենց ընկերությանը պատկանող ոչխարի հոտը առաջնագծից հետ տանելու մասին պատմությունը եւ ասաց, որ Կարմրակուճ են տեղափոխել հոտը, որից 60 հատը տրամադրել են առաջնագծի զինվորներին, իսկ մնացածը բաժանել են զորամասերին. «Այսինքն դրանից հետո մեր ընկերությունը ոչխարաբուծությամբ չի զբաղվել, ամբողջ գլխաքանակը տրամադրվել է առաջնագծին: Իսկ մյուս հարցը, ի՞նչ անենք, ոչխարները չտեղափոխե՞նք, բայեվիկնե՞ր են ոչխարները՝ մնան առաջնագծում, ու զինվորների հետ հավասար պայքարեն, թե ավելի ճիշտ էր հետ քաշել, փրկել նրանց եւ տրամադրել մեր զինվորներին»: