Ռիո դե Ժանեյրոյի դատարանն արգելել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարությանը տարածել խորհուրդներ եւ տեղեկատվություն՝ ուղղված նոր տիպի կորոնավիրուսի համավարակը զսպելու սահմանափակող միջոցների դեմ, հաղորդում է DW-ը։

Դատավոր Լաուրա Բաստուս Կարվալյուն կարգադրել է ընդհատել «Բրազիլիան չի կարող կանգ առնել» խորագրով կառավարական արշավը, իսկ պաշտոնյաներին հանձնարարել է հրաժարվել կորոնավիրուսի մասին գիտական հիմնավորում չունեցող հրապարակումներից կամ քարոզից։

Կառավարությանը տրվել է մեկ օր, որպեսզի պաշտոնական հայտարարությամբ հանդես գա, որում կբացատրի, որ անցկացվող արշավը չի համապատասխանում գիտական չափորոշիչներին եւ փաստերին։ Բացի այդ, դատարանը վերականգնել է կարանտինը եկեղեցու համար՝ չեղարկելով նախագահի հրամանը, որով թույլատրվում էր կրոնական հաստատություններ այցելությունը համավարակի ընթացքում։

Չորս օր առաջ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ժողովրդին ուղղված իր ուղերձում կոչ էր արել Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետին եւ Սան Պաուլուի նահանգապետին «վերադառնալ նորմալության» եւ կասեցնել կարանտինային միջոցառումները։ Նա հերթական անգամ անվանել էր կորոնավիրուսային վարակը որպես «փոքր գրիպ» եւ քննադատել ԶԼՄ-ներին վախեր տարածելու համար։

Ներկայումս Բրազիլիայում վարակված է շուրջ 3.9 հազար մարդ բոլոր 26 նահանգներում եւ մայրաքաղաքային Դաշնային շրջանում․ մահացել է 117 մարդ։ Կարանտին էր սահմանվել Ռիո դե Ժանեյրոյում մարտի 21-ին։