Ես տասնյակ տարիներ շարունակ եղել եմ ընդդիմադիր դաշտում միակ ընդդիմադիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Արցախի  նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ ասաց նախագահի թեկնածու Վահան Բադասյանը՝ պատասխանելով թեկնածուներից Սերգեյ Ամիրյանի հարցին՝ «ինչպե՞ս է նրան հաջողվել պետբյուջեից ստանալ 460 մլն դրամ՝ չհաշված գյուղտեխնիկան, ինչո՞ւ է նախագահի հետ սեղան նստել եւ հիշեցրել ավտոկայանի ցույցերը, ինչո՞ւ է ասել, թե ինքն է կազմակերպել այդ ցույցերը, արդյո՞ք իրեն համարում է՝ ինչպես ինքն էասել, ռեժիմի բուծած հանցավոր սպասարկու, եթե ոչ, ապա նրան ինչո՞ւ չեն ծեծել Բերձորում»։

«Տվյալ հարցերը համարում եմ ուղղակի հերհյուրանք եւ պատճառաբանություն, որ ինքը հենց դրա համար է թեկնածությունը դրել, որ սեւացնի իրական ընդդիմադիրին, որ եղել է տասնյակ տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում միակ ընդդիմադիրը, եւ ես նաեւ արդեն ասել եմ, որ 400 միլիոն վարկ եմ ստացել եւ արել եմ դարի շինարարությունը՝ ջրատար, որի ինքնարժեքը 900 միլիոն է, եւ երբ ես մասնակցել եմ Հայաստանի հեղափոխությանը, այդ ֆինանսավորումը կասեցվել է եւ մինչեւ հիմա կասեցված է։ 18 կմ ջրագծից կառուցված է ընդամենը 12-ը։ Ավտոկայանի ցույցերը ես եմ կազմակերպել, ես եկել, մասնակցել եմ, իմ վրա եմ վերցրել կազմակերպվածությունը եւ ժողովրդի պահանջը կատարել եմ հպարտորեն»,- ասաց Վահան Բադասյանը։

Սերգեյ Ամիրյանի արձագանքին, թե՝ ո՞վ է մշակում հարյուրավոր հեկտարներ առանց իշխանության հովանավորության, Վահան Բադասյանը պատասխանեց, որ  հպարտ է, որ հեկտարներ է մշակում եւ հաց արարում։