Հեսեն դաշնային հողի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերի մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, համարում է դաշնային հողի կառավարության ղեկավար Ֆոլքեր Բուֆյեն։ Այդ ենթադրությամբ նա կիսվել է կիրակի՝ մարտի 29-ին Վիսբադենում իր ելույթի ժամանալ, հաղորդում է DW-ը։

Բուֆյեի խոսքով՝ համավարակի հետեւանքները «շատ մետ մտահոգություն» էր առաջացրել Շեֆերի մոտ, որն էլ «ճնշել» էր նրան։ «Նա այլեւս որեւէ ելք չէր տեսնում։ Նա հուսահատված էր եւ հեռացավ մեզնից։ Դա ինձ ցնցել է»,-ասել է վարչապետը։ Նա պարզաբանել է, որ Շեֆերն աշխատում էր համավարակի տնտեսական հետեւանքները հաղթահարելու վրա եւ հատկապես մտահոգվում էր՝ կհաջողվի արդյոք արդարացնել բնակչության ակնկալիքները ֆինանսական աջակցության հարցում։

Հեսենում Շեֆերը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը 2010 թվականից եւ համարվում էր Հեսենի վարչապետի պաշտոնում Բուֆյեի հնարավոր իրավահաջորդը։ Մահից մի քանի օր առաջ նախարարը ներկայացրել էր դաշնային հողի խորհրդարանին բազմամիլիարդանոց ծրագիր, որը ենթադրում էր, նախ, աջակցություն համավարակի հետեւանքներից տուժած բիզնեսին։

54-ամյա քաղաքական գործչի դին հայտնաբերվել է Հոխայմ քաղաքի երկաթգծի վրա։ Քննիչների վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել։ Frankfurter Allgemeinen Zeitung թերթի տեղեկություններով՝ Շեֆերը մահից առաջ նամակ էր գրել ։ Ոստիկանությունը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ դեպքի առիթով հետաքննությունը դեռ ընթացքում է։