Արցախի Ազգային ժողովը վերջին օրերին բազմաթիվ քննարկումներ է անցկացրել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Արցախի  նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ ասաց նախագահի թեկնածու, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով Վիտալի Բալասանյանի հարցին՝ ինչու ԱԺ-ն չի քննարկում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

«Հանձնաժողովի կողմից լսումներ է կազմակերպել , քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածումը համապատասխան կառույցների մասնակցությամբ։ Մեր օրենսդրությունը ավելի լավ գիտեք, եթե պետք է այլ կարգի դրության մասին իրավական որեւէ կարգավորում լինի, այստեղ խորհրդարանը առաջնային գործունեություն չունի, չնայած՝ կարող է դա անել։ Ես կառաջարկեի, որ, քանի որ դուք ունեիք խմբակցություն, գուցե կարողանայիք նախաձեռնությունը ներկայացնել։ Ես չեմ կարծում՝ խորհրդարանը խուսափում է դրանից, մենք ամեն օր էլ հավաքվում ենք, վերջին մի քանի օրերին բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, որովհետեւ բոլորս կամ մեծամասնությունը դադարեցրել է ակտիվ քարոզչական աշխատանքները եւ փորձել ենք պետական կառավարման համակարգի միջոցով անդրադառնալ այդ հարցին»,- ասաց նա։