Երբ ասում եք՝ վերջին երկու տարիներին աննախադեպ սպառազինություն է ձեռք բերվել, արդյոք տեղյա՞կ եք՝ երբ են այդ պայմանագրերը կնքվել, եւ ինչ քանակի զենք եւ զինամթերք է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր՝ մարտի 29-ին, Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ այսպես արձագանքեց Վիտալի Բալասանյանը Աշոտ Դադայանի հարցին, թե ինչպես է պատկերացնում ընտրվելու դեպքում իր համագործակցությունը Հայաստանի ներկայիս իշխանության հետ, որին նա սուր քննադատում է, մինչդեռ այդ իշխանությունը վերջին երկու տարիներին ձեռք է բերել աննախադեպ ծավալով զենք և զինամթերք։

«Հայաստանի Հանրապետության հետ 20 եւ ավելի տարիներ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, անձնական որեւէ վիրավորանք չենք հնչեցրել, չենք հնչեցնի, կառաջնորդվենք օրենքներով եւ սահմանադրությամբ, համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու։ Ինչ վերաբերում է սպառազինություններին, համոզված եմ, որ դուք տեղյակ չեք՝ երբ են այդ պայմանագրերը կնքվել և ինչ քանակի զենք է ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետեւ դա գաղտնիք է»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը՝ արդյոք ներկայիս ՀՀ իշխանությունը կարող էր չեղարկել պայմանագրերը, եթե դրանք ձեռք բերված լինեն նախորդների օրոք, Վիտալի Բալասանյանը նշեց, որ չէին կարող, քանի որ խոսքը գնում է միջազգային պայմանագրերի, ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների մասին։