Արցախի նախագահի թեկնածու, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ թեկնածուներից Բելլա Լալայանը առաջադրվել է միայն ծառայողական մեքենաները սեփականաշնորհելու մասին հարցը բարձրացնելու համար: Այս մասին այսօր` մարտի 29-ին, թեկնածուների հեռուստաբանավեճին ասաց նա` պատասխանելով Բելլա Լալայանի այն հարցին, թե ինքն ինչպե՞ս է գնահատում` ծառայողական մեքենա սեփականաշնորհելը հիմնարկի ղեկավարի կողմից, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ:
Ղուլյանն ասաց, որ այս դեպքում ինքը չի կարող շնորհակալություն հայտնել հարցի համար. «Այդ հարցը դուք էնքան եք պարապել, որ անընդհատ թյուրիմացությունների մեջ եք գցում: Եկեք փորձենք այսօր պարզաբանել, այդ մեքենաները սեփականաշնորհվել են, երբ ես որպես ԱԺ նախագահ հրաժարվել եմ ԱԺ նախագահին սպասարկող 2 մեքենաներից, որից մեկը սեփականաշնորհվել է, ընդ որում, սեփականաշնորհվել է այն գնով, ինչ որոշել է կառավարությունը, եւ դրանից հետո այդ նույն մեքենան 2016 թվականի ապրիլին 7000 կմ երկարությամբ կատարել է տարբեր առաջադրանքներ: Գիտեք, քանի որ դուք այս թեմայով կարող եք դոկտորական դիսերտացիա պաշտպանել, ուզում եմ, որ այն, ինչոր ասում եք, հետեւեք դրա թվերին: Հիմա ինձ համար պարզ է, ինչու եք դուք առաջադրվել, էս ամբողջ ընթացքում դուք որեւէ բան չեք արել, սրտաճմլիկ մի քանի ուղիղ եթերներ եք արել, որից հետո միայն ու միայն այդ հարցը»,-ասաց Ղուլյանը:
Բելլա Լալայանի հարցրեց, թե Ղուլյանի սիրտը ճմլվել է այդ եթերներից, ինչին Ղուլյանը պատասխանեց, որ իր սիրտը չի ճմլվում եւ հավելեց, որ «պլինտուսից» ցածր հարցերով է թեկնածուն փորձում բանավիճել: