Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել էլեկտրոնային տեղաշարժման թերթիկների վերաբերյալ՝ նշելով, որ ահազանգեր են ստանում հավելվածի հետ կապված։ 

«Պարետի որոշմամբ տեղաշարժի թերթիկ կարելի է ստեղծել նաև էլեկտրոնային ձևով ՝ ՏՏ մասնավոր ընկերությունների ստեղծած հավելվածների միջոցով, որոնք համապատասխանում են ձևաթղթի՝ պարետի կողմից սահմանված բովանդակության պահանջներին։
Այս կապակցությամբ Գործակալությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ մասնավոր ընկերությունների կողմից ստեղծված որոշ հավելվածներում հասկանելի չէ, թե անձնական տվյալներն ում կողմից և ինչպես են պահպանվում, օգտագործվում կամ այլ կերպ մշակվում։
Թեև որոշ այսպիսի հավելվածներում կա նշում հավելվածը ստեղծողի և թերթիկը հավելվածով լրացնող քաղաքացիների տվյալները չպահպանելու մասին, այնուհանդերձ, կոչ ենք անում մասնավոր ընկերություններին և անձանց կորոնավիրուսի դեմ պայքարում պետությանն աջակցելու և քաղաքացիներին տեղաշարժի թերթիկի լրացման առցանց հնարավորություններ ստեղծելու ողջունելի գործում չմոռանալ անձնական տվյալների պաշտպանության մասին՝ պատշաճ կերպով պահպանելով անձնական տվյալները էլեկտրոնային եղանակով մշակելու կանոնները և ապահովել անհրաժեշտ ամբողջ տեղեկության տրամադրումը՝ քաղաքացիներից անձնական տվյալների մշակման գիտակցված համաձայնություն ստանալու համար»,- ասցված է հայտարարությունում։