«Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են իրականացնել «դարի խարդախությունը» եւ հողի շուկա բացելու մասին օրենք ընդունել՝ քողարկվելով կորոնավիրուսի համավարակով: Նա այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում: 

Նրա խոսքով՝ խորհրդարանականները նախատեսում են համապատասխան օրենքն ընդունել Ռադայի արտահերթ նիստում:

«Օրենք, որն արդեն մի քանի տարի հետո օտարերկրացիներին թույլ կտա գնել մեր սեւահողերը: Եվ մեր հողը իր պտուղներն ու շահույթը կբերի ոչ թե ուկրաինացիներին, այլ միջազգային հոլդինգներին, որոնք վաղուց են այն աչքադրել»,- նշել է Տիմոշենկոն:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ուկրաինացիներին կխաբեն:

«Մարդկանց կբացատրեն, որ միայն այդպես հնարավոր կլինի ստանալ հերթական վարկը եւ խուսափել դեֆոլտից»,- կարծում է Տիմոշենկոն:

Նա շեշտում է, որ երկրի իշխանությունները օգտվում են այն հանգամանքից, որ կարանտինի հետ կապված ուկրաինացիները չեն կարող բողոքի ակցիաներ անցկացնել:

«Բատկիվշչինայի» ղեկավարը նաեւ խոստացել է այս հարցում Ուկրաինայի իշխանություններին հակազդել: