Ֆրանսիական Renault եւ Groupe PSA (Peugeot Societe Anonyme) ավտոարտադրողները կորոնավիրուսի համավարակի պայմաններում սկսում են թոքերի արհեստական օդափոխման (ԹԱՕ) սարքերի մշակումն ու թողարկումը: Այս մասին այսօր հայտնել է France Info ռադիոկայանը՝ ընդգծելով, որ երկրում զգացվում է այսպիսի բժշկական սարքերի մեծ պակաս, որոնք լայնորեն կիրառվում են վերակենդանացման բաժանմունքում COVID-19-ով հիվանդների բուժման ժամանակ: 

Renault-ում ներկայացված պրոֆմիություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ սարքերի թողարկումը կսկսվի արդեն այս շաբաթ: Ընկերությունն այս նպատակով ստիպված կլինի որոշ մասեր ստեղծել 3D պրինտերներով, քանի որ արդյունաբերական սարքավորումը դեռեւս պատրաստ չէ: Արտադրողն առաջին փուլում շաբաթական թողարկելու է 350 ԹԱՕ սարք:

Հենց օգտագործման համար պատրաստ լինի ճնշման տակ ձուլման սարքավորումը, Renault-ում կգործարկվի հոսքագիծ: Ընկերությունը միաժամանակ արհեստական շնչառության սարքի նոր մոդելի մշակումներ է կատարում: France Info-ի տեղեկություններով՝ այդպիսի չափազանց անհրաժեշտ սարքի թողարկում է սկսում նաեւ PSA կորպորացիան:

Շաբաթ կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ Ֆրանսիան ակտիվ միջոցներ է ձեռնարկում, որ վերակենդանացման բաժանմունքներում տեղերի թիվը 5 հազարից ավելացնի մինչեւ 10 հազար, իսկ հետագայում նաեւ մինչեւ 14,5 հազար: Մասնավորապես՝ այս նպատակով ֆրանսիական Air liquide կորպորացիայից գնվել է ԹԱՕ հազար սարք:

Ըստ France Info-ի տեղեկությունների՝ սա Ֆրանսիայում միակ ընկերությունն է, որը արհեստական շնչառության սարքեր է արտադրում: La Tribune պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը համաճարակի շրջանում ընդունած միջոցառումների հաշվին կկարողանա արտադրությունը մեծացնել եւ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող իր գործարանում ապրիլին կարող է թողարկել շնչառությանն օգնող 500 սարք, որոնք օգտագործվում են ինտենսիվ թերապիայի ժամանակ: Փարիզի մոտ գտնվող ձեռնարկությունում նույն ժամանակահատվածում թողարկվելու է թոքերի արհեստական օդափոխման 1,1 հազար սարք, որոնք կիրառվում են վերակենդանացման բաժանմունքներում:

Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության տվյալներով՝ COVID-19 կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերի թիվը երկրում անցել է 2,6 հազարից: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 40,2 հազար: ներկայումս հիվանդանոցներում է ավելի քան 19 հազար հիվանդ, որոնցից մոտ 4,6 հազարը՝ վերակենդանացման բաժանմունքներում: