Այսօր ստվերային աշխատատեղերի խնդիրը սրվում է, եւ դա ըստ էության անհնար է դարձնում կառավարության կողմից այդ անձանց նույնականացնելը եւ աջակցություն տրամադրելը: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այն անձինք, որոնք տվյալ ոլորտներում աշխատում են, բայց գրանցված չեն որպես վարձու աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել այս աջակցության ծրագրերից: Մենք չունենք գործիք նրանց նույնականացնելու համար: Մենք ո՞նց իմանանք, որ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել:  Եթե նույնիսկ մեկը գա ասի, որ ինքն աշխատել է, մենք ոնց կարող ենք համոզվել այդ տեղեկատվության հավաստիության մեջ: Քաղաքացիներն իրենք են այս դեպքում շահառու: Շատերին թվում է, թե կառավարությունն իր համար է ասում, որ աշխատատեղերը պետք է արձանագրվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարեւոր: Դա քաղաքացու համար կարեւոր է լինելու նաեւ կենսաթոշակի անցնելուց հետո, որովհետեւ վճարած եկամտային հարկի չափով է նաեւ որոշվելու ապագա թոշակի չափը»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց, որ այդ խնդրի լուծումը միայն քաղաքացուց չի կախված. «Շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն գրանցվելու, բայց գործատուն չի գրանցում»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշեց, որ այստեղ ստվերում է ոչ միայն աշխատողների թիվը, այլեւ վարձատրության չափը:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այդպիսի աշխատողները կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, բայց դա չի արձանագրվել. «Եվ եթե քննության արդյունքներով պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի այդ քաղաքացիներին ինչ-որ ձեւով ներառել ծրագրերում: Վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, մենք դեռ չգիտենք, թե ինչքան է դեռ մնացել ստվերում: Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ը դրանով զբաղվի, նաեւ քաղաքացիները: Գուցե գործատուներն էլ ինքնախոստովանության նման պրոցես անցնեն»: