Միտումը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է քննարկում նախաձեռնվել Ռուսաստանից ներմուծվող գազի գնագոյացման բանաձեւի վերանայման հարցով: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում արդեն կա գազի եւ ընդհանրապես էներգակիրների գնի փոփոխություն: «Բացառված չէ, որ գնանկումը կշարունակվի նաեւ ապագայում: Եթե այդպիսի վիճակը երկար պահպանվի, ապա անհրաժեշտ կլինի հստակեցնել մեր դիրքորոշումը, թե ինչպիսի բանաձեւն է մեզ ձեռնտու՝ լողացո՞ղ բանաձեւը, թե՞ ֆիքսված գները: Ե՛վ սա, ե՛ւ մյուսը իրենց իրենց դրական եւ բացասական կողմերն ունեն: Ուստի բանակցությունները որոշ միջինացված բանաձեւի ներդրման շուրջ կարող են սկսվել, սակայն չեմ կարծում, որ դա նպատակահարմար է կատարել կտրուկ փոփոխություններից հետո ընդամենը 10 օր անց»,- նշեց Գրիգորյանը: