2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախում ընտրողների թվի աճ է գրանցվել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով, մարտի 30-ին Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

«Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով: Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել են 280 ընտրական տեղամասեր, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է»,-ասաց Արզումանյանը:

Նշենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու վաղը՝ մարտի 31-ին, այսօր լռության օր է: