Այս քարոզարշավն աչքի ընկավ որոշակի հուզականության բարձր մակարդակով: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Հաշվի առնելով ընտրություններին մասնակցողների բավական մեծ կազմը, չէր կարող ընտրական պրոցեսը զերծ լինել որոշակի դժգոհություններից, հնարավոր է նաեւ խախտումներից: Բնականաբար, դրանք ամփոփվելու են եւ ներկայացվելու են մեր կողմից: Չէի ցանկանա այդ դեպքերին առանձին-առանձին հիմա անդրադառնալ: Ասեմ, որ դրանց թիվը մեծ չէ, բայց կան; Չի բացառվում, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն լինի մանրամասն քննարկել դրանք: Դրանցով զբաղվել են իրավապահ մարմինները՝ դատախազությունն ու ոստիկանությունը: ԿԸՀ-ում ստացվել են որոշակի դիմումներ, տեղեկատվությունը խախտումների, դժգոհությունների, առաջարկությունների վերաբերյալ, կամփոփվեն եւ կներկայացվեն հանրությանը»,-ասաց Արզումանյանը:

Նշենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու վաղը՝ մարտի 31-ին, այսօր լռության օր է: